Մեր մասին
«ՕՌՎԱԿՕ» ՓԲ ընկերությունը հայ-նորվեգական համատեղ ձեռնարկություն է` «կանաչ ընկերություն», որը ստեղծվել է 2011թ․-ին` Հայաստանում: Ընկերությունը զբաղվում է օրգանական թափոնների վերամշակմամբ՝ փոխակերպելով դրանք տարատեսակ օրգանական կենսածին պարարտանյութերի և հողի բարելավիչների:
Արտադրությունը հիմնված է բնական գործընթացների վրա` նպատակ ունենալով փակել բնապահպանական շղթան և խթանել անթափոն արտադրությունը. կալիֆորնիական կարմիր որդերի միջոցով օրգանական թափոնների վերամշակումից ստացվող մաքուր կենսահումուսը (որդակոմպոստը) հաջորդիվ հիմք է դառնում տարատեսակ օրգանական պարարտանյութերի ստացման համար, որոնք իրենց սննդատարրերի հարուստ կազմով կոչված են բարելավելու հողի հատկանիշները, բարձրացնելու բերքատվությունը և հիմնովին ապահովելու բույսերի առողջ աճն ու զարգացումը:
«ՕՌՎԱԿՕ» ընկերության ամբողջ արտադրատեսականին անցել է օրգանական հավաստագրում և թույլատրված է օրգանական գյուղատնտեսությունում օգտագործման համար:
ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ
«ՕՌՎԱԿՕ»-ի ստեղծման գաղափարը
«ՕՌՎԱԿՕ»-ի ստեղծման հիմքում ընկած էր նոր, օգտակար արտադրատեսակներ ստանալու համար օրգանական թափոնները որպես հումք օգտագործելու գաղափարը: Մենք վստահ ենք, որ «Օրգանական թափոնների վերամշակման ընկերության»՝ ՕՌՎԱԿՕ-ի ստեղծումը արդեն իսկ լավ սկիզբ է շրջանակային տնտեսության վարակիչ օրինակ ծառայելու համար:
«ՕՌՎԱԿՕ»-ի ստեղծումը վճռականության, որոշումներում հաստատակամության և միջազգային համատեղ ջանքերի արդյունքն է: «ՕՌՎԱԿՕ»-ում մենք որդեգրել ենք շրջանաձև տնտեսության մոտեցումները՝ նվազեցնել, վերաօգտագործել և վերամշակել: Օգտագործելով թափոնները պատասխանատվությամբ՝ մենք նպաստում ենք ագրոէկոհամակարգերի կայունությանը:
Ռոլֆ Ս․ Կեվին
«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի համահիմնադիր և բաժնետեր
Երազանքից՝ իրականություն
Դեռևս ուսանողական տարիներից ինձ խորապես մտահոգել է օրգանական մնացորդների և թափոնների հարցը․ ես հավատում էի, որ դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես շրջակա միջավայրն աղտոտող թափոն, այլ՝ արժեքավոր արտադրանքի համար պիտանի օգտակար ռեսուրս: Այդպիսով, իմ մասնագիտական երազանքը դարձավ օրգանական թափոններին երկրորդ կյանք տալը:
Մասնագիտական երազանքս հնարավոր դարձավ կյանքի կոչել հայ և նորվեգացի մտահոգ մարդկանց և կազմակերպությունների աջակցության շնորհիվ:
Երեք տարի շարունակ հայ և նորվեգացի գործընկերների հետ համատեղ իրականացրած գիտական ուսումնասիրությունները տվեցին իրենց արդյունքը. մեզ հաջողվեց կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով որոշակի օրգանական մնացորդների վերամշակումից ստանալ որակյալ, օրգանական պարարտանյութ, որի հիման վրա էլ 2011թ․-ին Աբովյան քաղաքում համատեղ ջանքերով հիմնադրեցինք օրգանական թափոնների վերամշակման գործարանը՝ «ՕՌՎԱԿՕ»-ն՝ մեր առջև նպատակ ունենալով փակել բնապահպանական շղթան և խթանել անթափոն արտադրությունը։
Ժամանակի ընթացքում «ՕՌՎԱԿՕ»-ն, ընդլայնելով իր արտադրական ծավալը, այժմ ֆերմերին տալիս է լայն հնարավորություն՝ տարատեսակ մշակաբույսերի մշակության մեջ հրաժարվելու վնասակար քիմիկատներից՝ փոխարենն օգտագործելով օրգանական, բնական պարարտանյութեր, և տալու վիտամիններով հարուստ, անվտանգ արտադրանք։
Լուսինե Նալբանդյան
«ՕՌՎԱԿՕ» ՓԲԸ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն
Մեր նպատակը
Մեր նպատակն է փակել բնապահպանական շղթան և խթանել անթափոն արտադրությունը։
Մեր տեսլականը
Տարածաշրջանում դառնալ համաշխարհային ստանդարտներին համապատասխանող օրգանական պարարտանյութեր արտադրող խոշորագույն ընկերություն, որն իր բազմազան արտադրատեսակներով կոչված է բարձրացնելու հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը՝ ստեղծելով կայուն ագրոէկոհամակարգեր։
Մեր առաքելությունը
Արտադրել կենսածին պարարտանյութեր, որոնք ապահովում են բույսերի աճի և զարգացման համար առողջ, սննդատարրերով և միկրոօրգանիզմներով հարուստ բնական միջավայր, որտեղ բույսերի արմատներն ապրում են հողի միկրոֆլորայի հետ համակեցության մեջ․ առողջ բույսեր՝ բարձր բերքատվութուն։
Գիտելիք
Մեր գործունեության հիմքում գիտելիքն է և պրոֆեսիոնալիզմը։
Աճ
Մեր աճի և զարգացման հիմքը նոր ու բազմազան տեսականու արտադրությունն է՝ երաշխավորելով բնական ակտիվների տնտեսական ներուժի լիարժեք իրացումը՝ կայուն հիմունքներով։
Պատասխանատվություն
Մենք բարձր պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հաճախորդների «կանաչ աշխարհ» ստեղծելու երազանքին:
Ստեղծագործական մոտեցում
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում թիմի ներսում ստեղծագործ ու նորարարական «ծաղկող մշակույթի» խթանմանը՝ մեր հաճախորդների կարիքների բավարարման համար:
Հարգանք
Միմյանց նկատմամբ հարգանքն ու վստահությունը աշխատանքային գործընթացը դարձնում են հաճելի և արդյունավետ։
Համբավ
Մեր վերադարձող հաճախորդները լավ համբավի լավագույն երաշխիքն են: